EgyptAir-ի անձնակազմը Փարիզից թռչելու ժամանակ չի հայտնել խնդիրների մասին. EgyptAir-ի փոխնախագահ

09:57 • 19.05.16

EgyptAir ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Աբելը հայտարարել է, որ Փարիզից Կահիրե ուղևորվելու ժամանակ ռադարներից անհետացած A320 ինքնաթիռի անձնակազմը Փարիզի օդանավակայանից թռչելու ժամանակ չի հայտնել անսարքությունների մասին, հայտնում է CNN հեռուստաալիքը:

 

«Շառլ Դը Գոլից (օդանավակայանից) Կահիրե թռիչքի ժամանակ չեն եղել անսարքություններ»,- հայտնել է նա հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

EgyptAir-ի փոխնախագահի խոսքով՝ օդաչուն 6.000 ժամի թռիչքային փորձառություն ուներ, երկրորդ օդաչուն՝ 4.000 ժամ:

 

Ինչպես Sputnik-ին հայտնել է Կահիրեի օդանավակայանում աղբյուրը, Կահիրեում վայրէջքից հետո ինքնաթիռը պետք է ուղևորվեր Հուրգադայի օդանավակայան:

 

SkyNewsArabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռում եղել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի քաղաքացիներ:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը կորել է ռադարներից: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:  «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերությունում աղբյուրների, հայտնել է, որ ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը: 

 

 

EgyptAir-ի անձնակազմը Փարիզից թռչելու ժամանակ չի հայտնել խնդիրների մասին. EgyptAir-ի փոխնախագահ