Այսօր հայ և ադրբեջանական համայնքների ղեկավար կազմերը հանդիպելու են` քննարկելու հաշտության եզրերը. Ուկրաինայում ՀՀ դեսպան
Լվովում հայտնի սպորտային միջոցառումից հետո լարվածությունն ինչ-որ կերպ լիցքաթափելու համար երեկ առաջարկ է եղել, որպեսզի այսօր Ուկրաինայի ժամանակով ժամը 12-ին հանդիպեն Ուկրաինայում հայ և ադրբեջանական համայնքների ղեկավարները: Այս մասին Tert.am-ին հայտնեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը։
«Երեկ գիշեր առաջարկություն եղավ, որ այսօր ներքին գործերի բաժնի պետի ներկայությամբ հանդիպեն հայ և ադրբեջանական համայնքների ղեկավար կազմերը, որպեսզի կարողանան միասին քննարկել այդ հաշտության եզրերը, որ կարողանանք հարցին խաղաղ լուծում տալ»,– ասաց նա:
Հիշեցնենք, որ ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել էին ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը։ Ավելին` ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին փորձել հարվածել մահակներով: Դրանից հետո՝ մայիսի 16-ին հայերի և ադրբեջանցների միջև տեղի էր ունեցել բախում:
Ի պատասխան հարցի, թե լուրեր են շրջանառվում, որ երեկ ողջ գիշեր Լվովում ադրբեջանցիների ու հայերի միջև «ռազբորկաներ» են եղել, որին խառնվել են անգամ քրեական հեղինակություններ, դեսպանը նկատեց. «Ով ասում է նման բաներ, հիմարություններ է ասում, ես եմ զբաղվում և անձամբ հայ համայնքի ղեկավարը՝ Վիլեն Շատվորյանը… ինչպես նաև այստեղ հարգանք վայելող անձինք: Օրինակ` այստեղ մի շատ լավ՝ Նիկոլայ անունով մարդ կա, նրան էլ ենք ներգրավվել: Պաշտոնական, նաև ոչ պաշտոնական մեր բոլոր հնարավորությունները կիրառում ենք, որ հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով և լարվածությունն ավելի չխորանա»:
Նշենք, որ Ուկրաինայում, ըստ ՀՀ դեսպանի, բնակվում է մոտ 500 000 հայ, այդքան էլ՝ ադրբեջանցի:










