Փարիզից Կահիրե թռչող EgyptAir-ի ինքնաթիռն ընկել է ծովը. լրատվամիջոցներ (լուսանկար, տարբերակ 3)
11.12 EgyptAir ավիաընկերության անհետացած A320 ինքնաթիռի ավտոմատ համակարգերն աղետի ազդանշան են տվել Կահիրեի ժամանակով ժամը 04:26-ին (երևանյան ժամանակով 06։26-ին): Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը, գրում է РИА Новости-ն:
Տեղեկությունը հայտնի է դարձել գերատեսչությանը Եգիպտոսի ռազմածովային ուժերի որոնողա-փրկարարական խմբից:
9.57 EgyptAir ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Աբելը հայտարարել է, որ Փարիզից Կահիրե ուղևորվելու ժամանակ ռադարներից անհետացած A320 ինքնաթիռի անձնակազմը Փարիզի օդանավակայանից թռչելու ժամանակ չի հայտնել անսարքությունների մասին, հայտնում է CNN հեռուստաալիքը:
«Շառլ Դը Գոլից (օդանավակայանից) Կահիրե թռիչքի ժամանակ չեն եղել անսարքություններ»,- հայտնել է նա հեռուստաալիքին տված հարցազրույցում:
EgyptAir-ի փոխնախագահի խոսքով՝ օդաչուն 6.000 ժամի թռիչքային փորձառություն ուներ, երկրորդ օդաչուն՝ 4.000 ժամ:
Ինչպես Sputnik-ին հայտնել է Կահիրեի օդանավակայանում աղբյուրը, Կահիրեում վայրէջքից հետո ինքնաթիռը պետք է ուղևորվեր Հուրգադայի օդանավակայան:
SkyNewsArabia հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ուղևորատար ինքնաթիռում եղել են Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրաքի քաղաքացիներ:
Ռադարներից անհետացած Egyptair ավիաընկերության ինքնաթիռն ընկել է Միջերկրական ծովը: Այդ մասին հայտնել է «Մայադին» հեռուստաալիքը Twitter-ի իր էջում՝ վկայակոչելով Egyptair ավիաընկերությունում աղբյուրների:
Ինքնաթիռի կործանման մասին տվյալները պաշտոնապես դեռ չեն հաստատվել:
«Էլ-Վաֆդ» պորտալը հայտնում է, որ Փարիզից Կահիրե թռչող ինքնաթիռը կորել է ռադարներից Հունաստանի օդային տարածք մտնելուց 20 րոպե անց: Ինչպես հաստատել են ավիաընկերությունում աղբյուրները Twitter սոցցանցում՝ MS804 չվերթի ինքնաթիռում եղել է 56 ուղևոր, այդ թվում՝ 3 փոքր երեխա, և անձնակազմի 10 անդամ: Նրանց ճակատագիրը դեռ անհայտ է: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից:
Օդանավի անհետանալու մասին ազդանշանից անմիջապես հետո EgyptAir-ն իրավիճակին հետևելու համար օպերատիվ հատուկ շտաբ է ստեղծել, որում ընդգրկվել են բոլոր ավիացիոն ծառայությունների ներկայացուցիչները: Ինքնաթիռի որոնումներով զբաղվում են Եգիպտոսի և Հունաստանի ռազմական օդաչուները:
Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆատխին ընդհատել է այցը Սաուդյան Արաբիա և վերադառնում է հայրենիք՝ ուղևորատար ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով:
Flightradar24 պորտալը հրապարակել է ռադարներից անհետացած ինքնաթիռի գտնվելու վայրի մասին ստացված վերջին տվյալները: ADS-B-ի տեղեկությունների համաձայն՝ ինքնաթիռը մտել է Եգիպտոսի օդային տարածք:











