Չավուշօղլուն «երկերեսանի» է անվանել քրդերի տարբերանշանը կրող ամերիկացի զինվորականներին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննադատել է Սիրիայում Ռաքքայի ազատագրման գործողությանը քուրդ զինյալների տարբերանշանով զինվորական համազգեստ հագած ամերիկացի զինծառայողներին, հայտնում է Haberler-ը։
«Մեր դաշնակից երկրի կողմից YGP-ի (Սիրիայում քրդական «Դեմոկրատական միություն կուսակցության» ռազմական թևը) տարբերանշանի գործածումն անընդունելի է։ Մենք մեր վերաբերմունքը ցույց ենք տվել։ Դա ընդունելն անհնար է։ Դա երկակի չափանիշների կիրառում է, երկերեսանիություն է»,-ասել է նա։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի քայլն անընդունելի է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկիրն իրենց դաշնակիցն է ու հանդես է գալիս որպես ահաբեկչության դեմ պայքարող պետություն։
«Մեր խորհուրդը նրանց՝ Սիրիայի այլ տարածքներ գնալուց էլ «Իսլամական պետության», «Ալ-Նուսրայի», «Ալ-Քաիդայի» տարբերանշանները թող օգտագործեն, Աֆրիկայում էլ՝ «Բոկո-Հարամ» խմբավորմանը»,-զայրացել է Չավուշօղլուն։
Օրերս քուրդ աշխարհազորայինների ջոկատները հաղորդել են, որ Սիրիայում գրոհ են սկսում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման «մայրաքաղաք» Ռաքքայի ուղղությամբ:










