Իրանը կարող է ԵԱՏՄ-ի և Չինաստանի առևտրային գործընկերության մասնակից դառնալ. ՌԴ փոխվարչապետ
Իրանը կարող է Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև ստեղծվող առևտրատնտեսական գործընկերության մասնակից դառնալ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով, գրում է ТАСС-ը:
Ինչպես նա հայտնել էր ավելի վաղ, ԵԱՏՄ-ն և Չինաստանը կարող են առևտրատնտեսական գործընկերության վերաբերյալ համատեղ փաստաթղթեր ստորագրել երկու տարվա ընթացքում:
«Ինչպես ես հասկացա ԵԱՏՄ-ի առաջնորդների հետ այդ հարցի քննարկումից՝ Իրանը նման գործընկերության պոտենցիալ մասնակիցներից մեկն է»,- ասել է Շուվալովը:
Նրա խոսքով՝ Իրանի հետ համագործակցության հարցը քննարկվել է նեղ կազմով ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը: «Եղել է լուրջ խոսակցություն»,- նշել է Շուվալովը:
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև գործընկերության մասին համաձայնությունը բաց է լինելու այլ պետությունների համար, այդ թվում՝ և Իրանի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առաջնորդներին հրավիրել է հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին՝ Մոսկվայում։










