Անկարան հերթական անգամ սպառնացել է Բեռլինին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առնչությամբ. The Local

10:40 • 31.05.16

Թուրքիան երկուշաբթի լրջորեն նախազգուշացրել է Գերմանիայի խորհրդարանին Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առնչությամբ` սպառնալով, որ քվեարկության արդյունքները կարող են վնասել երկկողմ հարաբերություններին:

 

Ինչպես նշում է thelocal.de-ն, Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատն այս հինգշաբթի պետք է քվեարկության դնի մի բանաձև, որում 1915թ. տեղի ունեցած դեպքերը որակվում են որպես «ցեղասպանություն»։



«Գերմանիան մեր ընկերն է ու դաշնակիցը, այնտեղ բազմաթիվ թուրքեր են ապրում: Գերմանիան պետք է զգույշ լինի Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող հարցերում: Չեմ կարծում, որ Գերմանիայի խորհրդարանն օրինագիծը ներկայացրած 2-3 քաղաքական գործչի պատճառով կփչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ»,-նշել է Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը:


Աղբյուրը նկատում է, որ տվյալ բանաձևի շուրջ կրքերը բորբոքվում են  Բեռլին-Անկարա հարաբերությունների համար բավական բարդ շրջանում:

 

Թուրքական իշխանություններին բարկացնում է այն փաստը, որ Եվրոպական Միությունը թուրք քաղաքացիների համար իրականություն չի դարձնում նախապես խոստացված անայցագրային  ռեժիմը: Մինչդեռ Բրյուսելը խորապես անհանգստացած է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում տիրող անմխիթար վիճակով: