Բունդեսթագը օսմանյան օկուպանտների կողմից հայերի կոտորածները ճանաչել է որպես ցեղասպանություն. Euronews–ի անդրադարձը

17:35 • 02.06.16

Գերմանիայի Բունդեսթագը պատմական քվեարկությամբ ցեղասպանություն է ճանաչել 1915 թվականին օսմանյան օկուպանտների կողմից հայերի կոտորածները, գրում է Euronews-ը:

 

Խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը քվեարկել է բանաձևի օգտին, եղել է միայն մեկ ձեռնպահ և մեկ դեմ ձայն:

 

Թուրքիան դեմ է արտահայտվել բանաձևին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել են, որ այն կարող է փչացնել երկու երկրների միջև հարաբերությունները:

 

Բանաձևը բացասական արձագանք է առաջացրել Գերմանիայի մեծ թուրքական համայնքում անգամ քվեարկությունից առաջ: Շատ խորհրդարանականներ հաղորդել են, որ սպառնալիքներ և վիրավորական էլեկտրոնային նամակներ են ստացել:


Լրատվամիջոցը հաղորդում է, որ Գերմանիայի կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով թուրքական ծագում ունի, քվեարկել է բանաձևի օգտին: