Գերմանիայի կանցլերն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել են Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումից հետո առաջին մեկնաբանությունն է տվել, հայտնում է Reuters-ը։
«Թուրքիայի և Գերմանիայի հարաբերություններն ամուր են»,- ասել է Մերկելը՝ մեկնաբանելով բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը։
Նա նշել է, որ Գերմանիային և Թուրքիային շատ բան է կապում, և անգամ, եթե իրենք որոշ հարցերում տարբեր դիրքորոշում ունեն, իրենց «ռազմավարական կապերն ու բարեկամությունը հիանալի են»։
Գերմանիայի պատգամավորների ընդունած որոշումից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները հնարավոր ամենասեղմ ժամկետում կկարգավորվեն։
Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Դրան դեմ է արտահայտվել ընդամենը մեկ պատգամավոր։ Եվս մեկը ձեռնպահ է քվեարկել։










