Էրդողանը Գերմանիային մեղադրել է նամիբիացիների ցեղասպանության համար

09:25 • 06.06.16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին քննադատել է Գերմանիային 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն ճանաչելու համար, գրում է Daily Sabah-ը:

 

«Գերմանիա, կրկնում եմ ևս մեկ անգամ` դուք պետք է պատասխան տաք ավելի քան 100.000 նամիբիացիների կոտորածի համար»,- հայտարարել է թուրք առաջնորդը Ստամբուլի Սեբահաթին Զաիմի անվան համալսարանում ելույթի ժամանակ:

 

Էրդողանը հիշեցրել է նաև Հոլոքոստի մասին` նշելով, որ Գերմանիան պետք է Հայոց ցեղասպանության մասին արտահայտվի «ամենավերջինը»:

 

«Մեր պատմությունը զանգվածային սպանությունների պատմություն չէ, մեր պատմությունը բարեգթության և կարեկցանքի պատմություն է, և դրանով էլ մենք տարբերվում ենք»,- ասել է թուրք առաջնորդը:

 

Նամիբիական ցեղասպանությունը` 1904-1907թթ. կայզերական Գերմանիայի գաղութային զորքերի կողմից հերերո և նամա ցեղերի բնակչության մինչև 80%-ի սպանությունն է Հարավ-արևմտյան Աֆրիկայում: Ընդհանուր այդ ժամանակ մահացել է մոտ 75.000 մարդ: 2004-ին Գերմանիան ընդունել է Նամիբիայում ցեղասպանության փաստը:

 

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:

 

 

Էրդողանը Գերմանիային մեղադրել է նամիբիացիների ցեղասպանության համար