«Ոչ լիարժեք կանանց» մասին Էրդողանի հայտարարությունը բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում

17:01 • 06.06.16

Ստամբուլում և Անկարայում բողոքի ակցիաներ են անցկացվել հանուն կարիերայի մայրությունից հրաժարված կանանց ոչ լիարժեք լինելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո, գրում է Интерфакс-ը:

 

Էրդողանի արտահայտությունները վրդովմունքի ալիք են առաջացրել: Մասնավորապես՝ Ստամբուլում և Անկարայում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց կարգախոսը դարձել է նախագահին ուղղված դիմումը՝ «Կինը կին է, նա «ոչ լիարժեք» է միայն քո գլխում»:

 

Մի շարք փորձագետներ քննադատել են Էրդողանին նաև այն բանի համար, որ իր խոսքում նա հայտարարել է, թե կինը պետք է առնվազն 3 երեխա ունենա: Նրանց խոսքերով՝ գոյություն չունի ոչ մի կրոնական դոկտրին, որտեղ ասվում է, թե որքան երեխա պետք է ունենա կինը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կինը, ով մերժում է մայրությունը, լիարժեք կին չէ։ Էրդողանի խոսքով՝ մայրությունից հրաժարվելով՝ կինը սպառնալիքի տակ է դնում մարդկության գոյությունը:

 

«Կինը, ով հայտարարում է` «ես մայր չեմ լինի, քանի որ աշխատում եմ», իրականում հրաժարվում է իր կանացիությունից»,- ասել էր Էրդողանը: