Էրդողանը վրդովմունքի ալիք է առաջացրել ոչ միայն Գերմանիայում, այլև Թուրքիայում. Deutsche Welle
Եթե գերմանացի խորհրդարանականները կարծում էին, թե թուրք-գերմանական հարաբերությունները կշարունակեն սահուն ընթանալ՝ չնայած ընթացիկ մի քանի խնդիրներին, Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը շատ արագ նրանց հանեց այդ մոլորությունից, գրում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության կայքը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև, որին աջակցել է պատգամավորների մեծամասնությունը, դեմ է արտահայտվել միայն մեկը, ևս մեկն էլ ձեռնպահ է մնացել:
Ոչ մեկ հավանաբար չէր կանխազգում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդքան հեռուն կգնար՝ մինչև բանաձևի օգտին քվեարկած խորհրդարանականների թուրքական արմատները մերժելը և նրանցից «արյան թեստ» ուզելը:
Անգամ եթե 1915 թվականին կատարվածը զգայուն հարց է շարունակում մնալ Թուրքիայում, Էրդողանի հայտարարություններն անընդունելի են: Միևնույն ժամանակ, այս հայտարարություններն այնքան էլ զարմանալի չեն, եթե ծանոթ ենք երկրի ներսում իր վարած քաղաքականությանը: Էրդողանի կարծիքներին հակառակվող ցանկացած մեկը մի շարք հետևանքների է արժանանում, այդ թվում՝ աշխատանքից հեռացվելն ու անգամ բանտում հայտնվելը: Այժմ Եվրոպան զգում է այն, ինչ իշխող կուսակցության քննադատները զգացել են ավելի քան մեկ տասնամյակ:
Թուրքիայի հակազդեցությունների վրա հիմնված արտաքին քաղաքականությունը հավանաբար ավելի շատ լարվածություն կառաջացնի երկու երկրների միջև: Թուրքական իշխանությունը պետք է իրեն հարցնի, թե ինչպե՞ս պետք է վարվի այն հարցերի հետ, որոնք հակասական են, բայց որոնք միջազգային ճանաչում պետք է ունենան:
Կայքը գրում է, որ Էրդողանը ոչ միայն միջազգային հանրության վրդովմունքն է առաջացրել, այլև իր երկրի բնակչության։ Ինչո՞ւ պետք է մեկը ցանկանա վիրավորել ազգի կեսին: Թուրքական բնակչության մոտ հիսուն տոկոսը կին է: Այնուամենայնիվ, Էրդողանը որոշել է վիրավորել մոտ 38 միլիոն քաղաքացու՝ հայտարարելով, որ կանայք, ովքեր մերժում են մայրությունը, «ոչ լիարժեք» են։
Անգամ եթե հայտնի է, որ Էրդողանն առաջ է տանում յուրաքանչյուր թուրք կնոջ համար երեք երեխայի բանաձևը, հասարակության մեջ կանանց դերի մասին նրա վերջին հայտարարությունը բոլորովին նոր հարթություն է տանում: Այն արդեն կանանց խմբեր է ձևավորել, որոնք համախմբվել են իրենց բողոքը հայտնելու համար: Որքան էլ այս արձագանքը կարևոր և անհրաժեշտ լինի, այն բավարար չէ: Այս հնացած ընկալումը պետք է փոխվի, և դրա համար անհրաժեշտ է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում կանանց աջակցությունը, գրում է Deutsche Welle-ն։










