Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր. Ալիև
Ադրբեջանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, ՌԴ դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կառուցողական է: Այդ մասին լրագրողներին ասել է Բեռլինում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է РИА Новости-ն:
«Մենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ… Մենք Ռուսաստանը դիտարկում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի պահվածքն ամբողջությամբ դրան համապատասխանում է»,- ասել է Ալիևը:
Նա նշել է, որ Ռուսաստանի դերը որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահ «շատ դրական» է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է՝ Ռուսաստանը կարևոր դեր կխաղա Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Բեռլինում Ադրբեջան-Գերմանիա տնտեսական ֆորումի բացման ժամանակ Ալիևը հայտարարել էր, որ «հրադադարի ռեժիմը շատ փխրուն է»:
«Հակամարտության շուտափույթ կարգավորումը կնպաստի տարածաշրջանում կայունությանը»,- ասել էր նա:










