Amnesty International-ը կոչ է արել Formula 1-ին «ազդել» Ադրբեջանի վրա՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հարցում
Լուսանկարում՝ «Ֆորմուլա-1»-ի գործադիր տնօրեն Բերնի Էքլսթոնին
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել «Ֆորմուլա-1»-ին ճնշում գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա՝ երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակը բարելավելու համար, գրում է The Guardian-ը:
Բաքվում կիրակի օրը մեկնարկող Գրան պրին վերջին օրինակն է նրա, թե ինչպես է երկիրը ցանկանում ընդգրկվել հեղինակավոր մարզական միջոցառումներ հյուրընկալող երկրների շարքում:
Անցած տարի հունիսին Ադրբեջանում անց են կացվել Եվրոպական խաղերը, իսկ 2020 թվականին Բաքվում անցկացվելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չորս խաղ:
««Ֆորմուլա-1»-ի ժամանումը Բաքու չպետք է շեղի ուշադրությունն Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մարդու իրավունքների ճնշումներից»,- ասել է Amnesty International-ի ներկայացուցիչ Քերի Մոսկոջուրին:
«Փայլի հետևում իշխանությունները կալանավորում են իրենց քննադատողներին, փակում ՀԿ-ները և ձերբակալում կամ հալածում դրանց ղեկավարներին: Վերջերս հորինված մեղադրանքներով ձերբակալվածներից մի քանիսի ազատ արձակումը չպետք է մոլորեցնի որևէ մեկին՝ կարծելու, որ Բաքվում ինչ-որ բան է փոխվում: Ադրբեջանը խոշոր միջազգային մարզական իրադարձություններն օգտագործել է արտասահմանում իր վարկանիշը բարելավելու համար, և Գրան պրին բացառություն չէ: Մինչ աշխարհի պրոֆեսիոնալ վարորդները կհայտնվեն Բաքվի փողոցներում արագության այս ցուցադրությանը, շատերը պարզապես չեն կարողանա վայելել այդ շոուն»,- ասել է նա:
Մոսկոջուրին նշել է, որ «Ֆորմուլա-1»-ը հարմար դիրքում է Ադրբեջանում դրական փոփոխություն առաջացնելու համար:
«Մենք կցանկանայինք տեսնել, որ նրանք հրապարակային կերպով կոչ կանեն Ադրբեջանի նախագահ Ալիևին դադարեցնել այս բռնաճնշումները և ազատ արձակել խղճի բոլոր բանտարկյալներին»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Sports for Rights իրավապաշտպան կազմակերպությունը «Ֆորմուլա-1»-ին կոչ է արել «բարելավել իր իմիջը»՝ բարձրաձայնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի մասին:
Ադրբեջանում մարդու իրավունքներին ուշադրություն հրավիրելու նպատակով ստեղծված կազմակերպությունը կոչ է արել «Ֆորմուլա-1»-ի գործադիր տնօրեն Բերնի Էքլսթոնին դիրքորոշում հայտնել:
«Մենք կոչ ենք արել Բերնի Էքլսթոնին հրապարակային խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրների մասին և կոչ անել ազատ արձակել քաղբանտարկյալներին»,- ասել է Sports for Rights-ի արշավների համակարգող Ռեբեկա Վինսենթը:










