Ցավալի, մտահոգիչ, «ներքին գործ». տարբեր պաշտոնյաներ մեկնաբանել են բրիտանացիների հանրաքվեի արդյունքները

14:44 • 24.06.16

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը մեկնաբանել է երեկ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքները, որի ընթացքում բրիտանացիների մեծ մասը կողմ է արտահայտվել ԵՄ-ից երկրի դուրս գալուն:

 

«Եվրոպան լուրջ վտանգի առաջ է կանգնած՝ տնտեսության, միգրացիայի, կլիմայի ու անվտանգության տեսանկյունից»,-ասել է Լյովենը Ստոկհոլմում լրագրողների հետ զրույցում:

 

Շվեդիայի վարչապետը հայտարարել է, որ հանրաքվեի արդյունքները վկայում են ԵՄ-ն որպես բոլոր քաղաքացիների միություն զարգացնելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ փախստականների համար։

 

«Մենք հարգում ենք, իհարկե, բրիտանացիների որոշումը, սակայն դա լուրջ իրադրություն է ստեղծում նախ Մեծ Բրիտանիայի համար»,-ասել է նա:

 

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը ցավում է ԵՄ-ից դուրս գալու բրիտանացիների որոշման համար: Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում:

 

«Ես հարգում եմ, բայց ցավում եմ Brexit-ի արդյունքների համար: Լյուքսեմբուրգը կշարունակի աշխատել Եվրամիության ամրապնդման ուղղությամբ»,-գրել է վարչապետը:

 

Թեմային անդրադարձել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հանրաքվեի արդյունքները Բրիտանիայի ներքին գործն է համարել:

 

«Դա անգլիացի ժողովրդի ներքին գործն է»,-ասել է նա:

 

Անդրադառնալով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին՝ այն մասին, որ հանրաքվեի արդյունքներն ուրախացրել են ռուսական իշխանություններին, Լավրովը նշել է, թե ինքը բժշկական կրթություն չունի:

 

«Այդ պատճառով էլ բժշկական դեպքերը մեկնաբանել չեմ կարող»,-ասել է Լավրովը: