Աշխարհի այս բարդ տարածաշրջանում Ֆրանցիսկոս Պապը հանդես եկավ համարձակ հայտարարությամբ. Crux-ի անդրադարձը
Վերջին օրերին միջազգային ԶԼՄ-ների կողմից ակտիվ լուսաբանվող թեմաներից մեկը Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցն էր: Cruxnow.com կայքը այս թեմային անդրադարձել է վերլուծական հոդվածով, որը մասամբ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.
«Աշխարհի այն հատվածում, որտեղ հիշողությունն անվերջ սնում է վիրավորանքն ու հրահրում է նոր կոնֆլիկտների առաջացումը, Ֆրանցիսկոս Պապը հանդես եկավ համարձակ հայտարարությամբ` նշելով, որ հավատով ուղեկցվող հիշողությունը դեպի խաղաղություն տանող միակ ճանապարհն է»,- սկսում է հոդվածագիր Ջոն Ալեն-կրտսերը` նկատելով, որ Հռոմի պապն իր սկզբունքներն առաջ տանելու հարցում շատ համարձակ է:
«Ֆրանցիսկոսն այնտեղ էր գնացել ասելու, որ հիշողությունը վտանգավոր բան չէ և, որ այն կարող է նաև ապաքինող հատկություն ունենալ: Սա կարող է որպես անհեթեթ միտք թվալ, սակայն հիշեք` խոսքը Հարավային Կովկասի մասին է` մոլորակի այն անկյունի, որտեղ անցյալի հետապնդող սխալներն այնքան դյուրավառ են: Ասվածի վառ օրինակ է հայերի հիշողությունը 1915թ. օսմանյան թուրքերի կողմից 1.5 մլն հայերի ցեղասպանության մասին: Եվ այս կոնտեքստում առանձնակի ուշադրության է արժանի Ֆրանցիսկոսի` իր հետ Հայաստան բերած ուղերձը. դուք ոչ միայն ձեր հիշողությունները վառ պահելու իրավունք ունենք, այլև` պարտավոր եք պահպանել դրանք»,- շարունակում է հոդվածագիրը` ի լրացում իր ասածի մեջբերելով Պապի հայաստանյան ելույթից համապատասխան մի հատված:
Այնուհետև հեղինակը հիշեցնում է Երևանի Հանրապետության հրապարակում` միջեկեղեցական աղոթքի ժամանակ կաթոլիկների հովվապետի հնչեցրած խոսքերն առ այն, որ «սիրով ու հավատով ուղեկցվող հիշողություններն ունակ են նոր, անսպասելի ուղիներ բացել դեպի հաշտություն»:
«Անկեղծ ասած` հիշողությունների վերաբերյալ Պապի նման դիրքորոշումը այս բարդ տարածաշրջանում բավական դժվար ընդունելի է»,- գրում է Ալլեն-կրտսերը` ընթերցողին հիշեցնելով հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բարդ հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
«Ամեն դեպքում ակնհայտ է, որ դարերի խորքից եկող արմատներով վիճաբանությունը չի կարող լուծվել մի գիշերվա ընթացքում: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ այն, ինչ Պապն իր այցից հետո կթողնի Հայաստանում և այն, ինչը նա կփորձի անել ավելի ուշ Վրաստան ու Ադրբեջան կատարելիք այցերի ընթացքում, առնվազն նոր ճանապարհ կհարթի, որպեսզի այս տարածաշրջանն իրենց ցավով խանձող հիշողությունները լինեն ոչ միայն սպառնալիքի, այլև`նոր հնարավորությունների աղբյուր»,- եզրափակում է հեղինակը:










