Լուսավոր կետ նորանկախ ՀՀ-ում և խաղաղության ուղերձ. պատգամավորները Հռոմի պապի այցի մասին
Հռոմի պապի այցելությունը և նրա մեսիջները լուսավոր կետ էր նորանկախ Հայաստանի պատմության մեջ. Tert.am-ի հետ զրույցում «Այց առաջին քրիստոնյա երկիր» անունը կրող՝ Հռոմի պապի եռօրյա ուխտագնացությանն անդրադառնալով ասաց ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
«Չեմ ցանկանա քաղաքականացնել այդ ողջ գործընթացը, թեկուզ այդտեղ քաղաքական մասը ակնհայտ է, բայց ավելին մեկնաբանել, քան ինքն իր մեսիջներով տվեց, չէի ցանկանա»,-ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ Հայաստանի համար, համասփյուռ հայ ժողովրդի համար սա շատ կարևոր արարողություն էր, և չափազանց բովանդակային անցան այդ երեք օրերը:
Նա նկատեց, որ թուրքական Արտաքին գործերի նախարարության կայքում անդրադարձ կա Պապի ելույթին, որտեղ իրենք ոչ իրավացիորեն դժգոհություն են հայտնում, ինչն ամենամեծ փաստարկն է նաև նրա, որ դա ամենացավոտ տեղն էր թուրք ժողովրդի համար:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Պապի գնահատականներին, Խաչատուր Քոքոբելյանն ասաց. «ԼՂ-ի նկատմամբ ոտնձգությունները, պատերազմի հրահրումները, այդ բոլորն ամփոփված են, և բնականաբար Պապի մեսիջներում, հղումներում հստակ երևում էր կարմիր գծով խաղաղության նպաստը, խաղաղությանն ուղղված կոչը: Դա նաև հայկական կողմի մոտեցումներն են, որովհետև մենք միշտ դեմ ենք եղել պատերազմին, սակայն մեզ պարտադրված պատերազմում մենք պարտավոր էինք հաղթել՝ այն, ինչ տեղի ունեցավ»,-ասաց նա և նշեց, որ սա յուրովի քարոզչական պատերազմ է համարում և կարևորում Պապի ելույթում ԼՂ-ի վերաբերյալ անդրադարձը:
Հանրապետական պատգամավոր Շիրակ Թորոսյանի գնահատմամբ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը տարածաշրջան գլխավորապես խաղաղության ուղերձով էր եկել:
«Պապը խաղաղության ուղերձ բերեց տարածաշրջան, և այդ ուղերձը նա յուրովի ներկայացրեց՝ ի սկզբանե հայտարարելով իր կարգախոսը՝ «այց առաջին քրիստոնյա երկիր» և «ուխտագնացություն», ինչով նա այցի կարևորությունն ընդգծեց»,-ասաց նա:
Ըստ Շիրակ Թորոսյանի՝ Հռոմի պապը մասնավորապես ուղերձ հղեց հարևան ագրեսոր պետություններին: «Փաստորեն ձևակերպվեց, թե ում հանդեպ է ագրեսիա իրականացվում, և կոչ արվեց խաղաղության և հայ-թուրքական հաշտեցման»,-ասաց նա:
ՀՀԿ պատգամավորն առանձնացրեց պապի կոչն ուղղված երիտասարդությանը: «Նա կարևորեց մեր տարածաշրջանում ապրող վաղվա մտածողությունը, և խաղաղության մասին նրա քարոզչությունը մեծ մասով միտված էր ոչ միայն այսօրվա սերնդին, այլ նաև ապագա, եկող սերնդին, որ մտածողության հիմքում ունենա խաղաղասիրությունը, այլ ոչ թե պատերազմը»,-ասաց նա:
ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը համակարծիք է՝ պապի կոչն առաջին հերթին խաղաղության, հանդուրժողականության կոչ էր:
«Պատահական չէ, որ օգտագործվում էին հետաքրքիր հասկացողություններ՝ առաքելական այց, խաղաղության սուրհանդակ և այլն, և այլն: Բացի ելույթները, սիմվոլիկ էր Խոր Վիրապում աղավնիների բաց թողնումը Թուրքիայի ուղղությամբ: Այսինքն՝ ընդհանուր քրիստոնեական համաշխարհային ճգնաժամերի հաղթահարման և խաղաղության կոչ կար ամեն ինչում, բոլոր ելույթներում»,-ասաց նա:
Երիտասարդությանը, ըստ Բեքարյանի, Հռոմի պապը ևս կոչ արեց ընտրել խաղաղության ճանապարհը, որն այդքան հեշտ չէ, բայց շնորհակալ ճանապարհ է:
Անդրադառնալով պապի կոչին զուգահեռ և հաջորդած Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական արձագանքներին՝ նա ասաց, թե այլ բան չէր էլ սպասելի: «Իսկ ի՞նչ է՝ Պապը գալու էր և հրա՞շք էր տեղի ունենալու, փոխվելո՞ւ էր Ալիևը և իր թուրքական կողմնորոշումը»:
«Չպետք է մոռանալ, որ մեկ միլիարդից ավելի կաթոլիկ կա աշխարհում, և նաև գումարելով Պապի՝ որպես անհատի նշանակությունը, ով աշխարհում մեծ հարգանք ու սեր է վայելում, չի կարելի կապել, թե Թուրքիայից ով ինչ ասեց, Ադրբեջանից, ով ինչ ասեց»,-ասաց նա:










