Ֆրանցիսկոս պապի խաղաղության ուղերձն արձագանք է գտել նաև սիրիահայերի շրջանում. ABC News

10:39 • 28.06.16

Հայաստանի բնակչության մեծ մասի համար Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցն առաջին քրիստոնյա երկիր ամենաշատը կհիշվի 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած դեպքերը ևս մեկ անգամ ցեղասպանություն անվանելու և Թուրքիայի հետ խաղաղության և հաշտեցման ուղերձի առումով, գրում է ABC News ամերիկյան հեռարձակող ընկերության լրատվական բաժինը:

 

Այնուամենայնիվ, Սիրիայի պատերազմից փախած էթնիկ հայերի համար խաղաղության կոչն ավելի անձնական բնույթ ունի և կապվում է այժմ այդ երկրում ընթացող հակամարտության հետ, որը խլել է նրանց հարազատների կյանքը և նրանց ստիպել լքել իրենց տները, գրում է լրատվամիջոցը՝ մի քանի սիրիահայերի հետ խոսելով Պապի ուղերձի մասին:

 

ABC News-ը գրում է, որ Հայաստանում այժմ ապրում է Սիրիայից մոտ 17 000 էթնիկ հայ փախստական: Սիրիայում մինչև 2011 թվականին հակամարտության սկսվելն ապրում էր մինչև 100 000 հայ:

 

Շատերի համար, ովքեր հեռացել են Սիրիայից, Հայաստանը հյուրընկալ, թեկուզև ոչ հարուստ ապաստան է դարձել:

 

«Փախստականներին ընդունելը զգալի բեռ է դարձել այս երկրի համար, որն առանց այդ էլ դժվար տնտեսական պայմաններում է գտնվում»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ երկիրն, այնուամենայնիվ, ջերմորեն ընդունել է փախստականներին՝ նրանց օգնելով բնակարանի հարցում, տրամադրելով տարբեր սուբսիդիաներ և արագացնելով քաղաքացիություն ստանալու ընթացակարգը:

 

Չնայած տնտեսական պայմանները Հայաստանում բարդ են, փախստականները նշում են, որ նրանք ամենաշատը գնահատում են ջերմ ընդունելությունը, որին նրանք արժանացել են: Իրենց հմտությունների շնորհիվ նրանք կարողացել են արագորեն աշխատանք գտնել և այժմ աշխատում են որպես բժիշկ, ոսկերիչ, արհեստավոր, վարսավիր և խոհարար, գրում է լրատվամիջոցը: