ՌԴ-ՀՀ ՀՕՊ համակարգը չի կարող լինել ընդդեմ ՆԱՏՕ-ի. Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահ

15:07 • 30.06.16

ՆԱՏՕ-ն կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Բատու Կուտելիայի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշմանը:


«ՆԱՏՕ-ի դաշնակիցները տարածքային ամբողջականության և Հայաստանի ու Ադրբեջանի ինքնիշխանության կողմնակից են: ՆԱՏՕ-ն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս հարցը քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ուստի ՆԱՏՕ-ն, որպես կանոն, հղում է կատարում ԵԱՀԿ-ի որոշումներին ու հայտարարություններին»,-  Tert.am-ի հետ զրույցում  նշեց Բատու Կուտելիան:


Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև ներդրվող հակաօդային միավորված պաշտպանության համակարգին, որը, որոշ կարծիքների համաձայն, ստեղծվում է ՆԱՏՕ-ին հակակշռելու համար, Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահն ասաց, որ Հայաստանը՝ որպես սուվերեն պետություն, ազատ է իր դաշնակիցներին ընտրելու, նրանց հետ համագործակցության խորության, մեթոդների ու անվտանգության ապահովության հարցերում:


«Ռազմավարական որոշումները, ինչպիսին է հակաօդային պաշտպանության միավորված համակարգը, ունենում են կարճատև ու երկարատև հետևանքներ ու պահանջում են մանրակրկիտ ուսումնասիրություններ: ՆԱՏՕ-ն չունի Հայաստանի օդային տարածքը խախտելու, հարձակվելու մտադրություն, ուստի չի կարելի Ռուսաստանի հետ ստեղծվող հակաօդային պաշտպանության միասնական համակարգը դիտարկել որպես ՆԱՏՕ-ին ընդդեմ, քանի դեռ Հայաստանն ու Ռուսաստանը չեն հայտարարել այդ մասին»,-  նշեց Կուտելիան:


Հարցին՝ ի՞նչն է խանգարում ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասում մեծացնել իր ազդեցությունը, արդյո՞ք Հայաստանն ունի ՀԱՊԿ-ին այլընտրանք անվտանգության ապահովման համակարգ, նա պատասխանեց, որ ՆԱՏՕ-ն մեծացնում է իր ներկայությունն այն երկրներում, որոնք ունեն քաղաքական ընդգծված կամք:


«Ինչ վերաբերում է Հայաստանի համար այլընտրանքին, կարծում եմ, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ունենալու է անվտանգության ապահովման ավելի լայն ու ընդգրկուն տարածության կարիք, որն ամրապնդված կլինի հանրային գիտակցված ընտրությամբ»,-  ասաց Վրաստանի Ատլանտյան խորհրդի փոխնախագահը: