Լարսում մնացած ևս 120 անձ ՀՀ կտեղափոխվի այսօր. փոխվարչապետը ներկայացրեց տիրող իրավիճակը

11:40 • 30.06.16

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրեց Վերին Լարսի հատվածում տիրող իրավիճակն ու կատարվող աշխատանքները:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ  հունիսի 23-ին տեղացած անձրևների պատճառով Թերեք գետը հեղեղել է Մցխեթա-Ստեփանծմինդա ճանապարհահատվածի 134-135 կմ հատվածը:

«Ցամաքային ճանապարհով բեռնափոխադրումները դարձել են անհնար, բեռնատարները երթևեկում են Բաթումի-Փոթի-Նովոռոսիյսկ նավահանգիստների ուղղությամբ ավտոմոբիլային լաստանավերի միջոցով:  Խնդիրը  գտնվում  է անձամբ վարչապետի և կառավարության ուշադրության կենտրոնում, համապատասխանաբար ԱԻՆ-ը և Տրանսպորտի և կապի նախարարությունը օպերատիվ  կապի մեջ են Վրաստանի և Ռուսաստանի իրենց գործընկերների հետ: Վարչապետի նամակով ՌԴ կառավարությունը հատկացրել  է ինքնաթիռ՝ սահմանին մնացած քաղաքացիների տեղափոխման համար: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը Վլադիկավկազ-Երևան թռիչքով արդեն իրականացրել է 96 ուղևորի փոխադրում, ևս 120 ուղևոր կփոխադրվի այսօր: Հունիսի 27-ին Վառնա-Բաթումի- Նովոռոսիյսկ  լաստանավի միջոցով  72 բեռնատար մեքենաներ հասել են Նովոռոսիյսկ և արդեն բեռնաթափվում են: Հուլիսի 4-ին Բաթումի-Նովոռոսիյսկ ուղղությամբ լաստանավի տոմսերն արդեն սպառվել են»,-տեղեկացրեց փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը հայտնեց, որ «Սպայկա» ընկերության միջոցով տեղափոխված 55 բեռնատարներն արդեն հասել են Նովոռոսիյսկ և սպասում են նավահանգստին մոտենալու թույլտվությանը, իսկ հունիսի 30-ի դրությամբ Նովոռոսիյսկում «Սպայկա» ընկերության վարձակալել է երկրորդ լաստանավը և 50 բեռնատար մեքենաներով կմեկնի Փոթի:

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ կուտակված բեռնատար մեքենաների թիվը Վրաստանում հասնում է 15-20-ի, չհաշված նրանք, որոնք գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանամերձ գոտում:

Ռուսական կողմում կուտակումների վերաբերյալ Վաչե Գաբրիելյանն ասաց, որ այնտեղ կուտակումների թիվը հասնում է 40-50-ի, սակայն Վլադիկավկազի ճանապարհի երկայնքով կան բազմաթիվ բեռնատարներ,որոնք միայն ՀՀ քաղաքացիներին պատկանող մեքենաներ չեն:

Փոխվարչապետը փոխանցեց, որ Գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ արտահանվել է 10 000 տոննա ծիրան, 5000 տոննա էլ դեռ արտահանվելու է:

Վաչե Գաբրիելյանը քաղաքացիներին հորդորեց Հայաստանից դուրս գալուց առաջ լաստանավի վրա տեղ ամրագրել կուտակումներից խուսափելու համար:

Փոխվարչապետը հայտնեց, որ վրացական կողմի հայտնած տեղեկատվության համաձայն՝ հունիսի 30-ի դրությամբ գետի հունը 50 տոկոսով տեղափոխվել է դեպի նախկին դիրքը, մաքրման գործողությունները  շարունակվում են, իսկ աշխատանքները, նախնական տվյալներով, կարող են տևել 2-3 շաբաթ: