Օբամայի խորթ եղբայրն իր աջակցությունն է հայտնել Թրամփին
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի խորթ եղբայրն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարում դեմոկրատների մրցակցին՝ Դոնալդ Թրամփին՝ խոստանալով ներկա գտնվել Հիլարի Քլինթոնի հետ որոշիչ հեռուստաբանավեճին:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այդ մասին Մալիք Օբաման հայտնել է The New York Post-ին տված հարցազրույցում:
«Ես չափազանց ուրախ եմ, որ ներկա եմ լինելու հեռուստաբանավեճին (կայանալու է հոկտեմբերի 19-ին-Tert.am): Թրամփը կկարողանա Ամերիկան կրկին հզոր դարձնել»,-ասել է գործող նախագահի ազգականը:
Իր խոսքում Մալիք Օբաման քննադատել է պետքարտուղար եղած ժամանակ Հիլարի Քլինթոնի վարած քաղաքականությունը՝ նրան մեղադրելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի ու Լիբիայի նախկին ղեկավար Մուամմար Քադաֆիի սպանության համար:
Մինչդեռ Թրամփն իր հերթին ասել է, որ անհամբեր սպասում է Մալիք Օբամայի հետ հանդիպմանը:
«Նա ամեն ինչ շատ ավելի լավ է հասկանում, քան իր եղբայրը»,-ասել է հանրապետականը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մալիք Օբաման Միացյալ Նահանգների քաղաքացի է, սակայն ծնունդով Քենիայից է: Նա եղբորից մեծ է 3 տարով: Ըստ The New York Post-ի ունեցած տվյալների՝ Բարաքն ու Մալիքը մտերիմ են եղել, սակայն ավելի ուշ հարաբերությունները վատթարացել են: Վերջին անգամ եղբայրները հանդիպել են 2015թ. օգոստոսին՝ խիստ պաշտոնական մթնոլորտում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարը ծավալվում է հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջև:












