Բելգիացի ոստիկանները պետության հաշվին օգտվել են մարմնավաճառների ծառայություններից

16:10 • 24.01.17

Բելգիացի ոստիկանները, որոնք հայրենիք են ուղեկցել հայրենադարձված օտարերկրացիների խմբին, հանրային միջոցներն օգտագործել են անձնական նպատակներով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Soir թերթին:

Ներքին աուդիտի տվյալների համաձայն` ոստիկանության որոշ աշխատակիցներ, Բելգիա վերադառնալով հանձնարարությունից, կանգ են առել Դուբայում կամ Բանգկոկում, բացառապես բիզնես կարգի ավիատոմսեր ձեռք բերել և բնակվել բարձր գնով հյուրանոցային համարներում:

Պարբերականի հաղորդմամբ` առանձին դեպքերում ոստիկաններին հաջողվել է պետության հաշվին առևտուր անել ազատ առևտրի գոտում (TaxFree) և նույնիսկ օգտվել մարմնավաճառների ծառայություններից:

Նշվում է, որ այս գործուղումների միջոցները տրամադրել է Օտարերկրացիների գործերի գրասենյակը, որի պաշտոնատար դեմքերն «աչք են փակել դրա վրա»:

Բելգիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել է առանձին ոստիկանների անպարկեշտ պահվածքը` հայտնելով, որ ծառայողական հետաքննություն կանցկացվի: