Բլոգեր Լապշինը բողոքարկել է Ադրբեջանին արտահանձնման մասին որոշումը

13:34 • 25.01.17

Մինսկում Բաքվի դիմումով ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Ադրբեջանին արտահանձնման մասին Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մինսկի քաղաքային դատարանի նախագահի օգնական Անաստասիա Շիլվյանը:


Ավելի վաղ Բելառուսի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ գերատեսչությունը որոշում է կայացրել Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին ադրբեջանական կողմի ներկայացրած նյութերի հիման վրա: Լապշինն ունի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն:


«Մինսկի քաղաքային դատարան ներկայացվել է Գլխավոր դատախազության որոշման բողոքարկումը: Դրա քննարկումը նշանակված է հունվարի 26-ին»,- ասել է Շիլվյանը: «ՌԻԱ Նովոստի»-ին Գլխավոր դատախազությունից բացատրել են, որ արտահանձնման մասին որոշումը չի իրականացվի, մինչև դատարանը չկայացնի որոշում:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան կփորձի լուծել Լեռնային Ղարաբաղ այցելության, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար ձերբակալված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը:


Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դեմ է լրագրողների կամ այլ անձանց կողմից տարբեր տարածքներ այցելության քրեականացմանը: Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան դեմ է երրորդ երկիր այս կամ այն պետությունում ձերբակալված ռուսների արտահանձնմանը:


Բլոգերը ձերբակալվել է անցած տարվա դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, որտեղ նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: