Թուրքական օդուժը գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում

10:40 • 25.01.17

Թուրքական ԶՈւ-ն օդային գործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում` «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ: 

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը` Ավաշին-Բասյան, Հաքուրք, Գարա և Զափ շրջաններում Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել ՔԱԿ-ի 12 դիրքի: 

Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:

Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: