Ավստրալիան կաջակցի Թրամփի ներգաղթային քաղաքականությանը. երկրի ԱԳՆ

10:48 • 30.01.17

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հայտնել է, որ երկրի կառավարությունը կաջակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային քաղաքականությանը և սահմաններին անվտանգության ապահովման ուղղությամբ նրա ձեռնարկած միջոցներին: Քաղաքական գործչի հայտարարությունը հրապարակվել է Sydney Morning Herald-ում:

«Համոզված եմ, որ Ավստրալիայի և ԱՄՆ-ի կառավարությունները կշարունակեն միմյանց աջակցություն ցուցաբերել այն երաշխիքների ապահովման հարցում, որ մենք կարող ենք իրականացնել մեր ներգաղթային ու սահմանների պաշտպանության քաղաքականությունը», - հայտնել է նախարարը:

Նա նաև ասել է, որ Ավստրալիան սերտորեն համագործակցում է ԱՄՆ-ի վարչակազմի հետ և ցանկանում ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն ապահովել իր քաղաքացիների համար:

Նշենք, որ անցած շաբաթ Թրամփը ստորագրել է «Երկիրն օտարերկրյա ահաբեկիչների մուտքից պաշտպանելու մասին» հրամանագիրը, որն արգելում է 7 երկրի բոլոր քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով (Իրան, Իրաք, Եմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի և Սուդան), ինչպես նաև դադարեցնում է ցանկացած փախստականի ընդունումը 120 օրով և անորոշ ժամանակով արգելում սիրիացի փախստականների ընդունումը: