2016թ. Թուրքիայում սնանկացման պատճառով 100.000 արհեստանոց է փակվել
Թուրքիայում 2016 թվականի ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով շուրջ 100.000 արհեստանոց է փակվել, այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայում արհեստավորների կոնֆեդերացիայի պաշտոնական տվյալներին:
Ի դեպ, նշված ցուցանիշը մոտ 4.000-ով ավելի է 2015թ.-ի տվյալից:
Տնտեսական խնդիրների պատճառով երկրում աշխատանքային ոլորտ է փոխել 1.286.103 մարդ, 2015թ.-ին այդ ցուցանիշն ընդամենը 216.309 էր:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ Թուրքիայում արհեստավորների կոնֆեդերացիայի նախագահ Ալիջան Էբեդինօղլուն զեկույց էր ներկայացրել, որից պարզ է դառնում, որ Թուրքիայի հարավ-արևելքում գործող արհեստավորների շուրջ 12 տոկոսը 2016թ.-ի ընթացքում ստիպված է եղել փակել աշխատավայրը:
Նույն զեկույցի համաձայն՝ մոտ 16.000 արհեստավոր դիմել է թուրքական բանկերին վարկեր ստանալու ակնկալիքով, սակայն մերժվել է:










