Էրդողանը ստորագրել է նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Նախագծի վերջնական ճակատագիրը պարզ կդառնա գարնանը սպասվելիք հանրաքվեի ընթացքում:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն նախատեսվում է անցկացնել ապրիլի 16-ին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր:










