Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Հեռախոսազրույցը, որի մանրամասները լրատվամիջոցներին առայժմ չեն հաղորդվում, իրականացվել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ երկուշաբթի Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Ավելի ուշ Գերմանիայի իշխանությունների կողմից այդ երկիր այցելած Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի՝ թուրքական համայնքի հետ հանդիպման ու ելույթի չեղարկումը վրդովվեցրել էր Թուրքիայի իշխանություններին, ինչից հետո Էրդողանը Գերմանիայի այս քայլը նացիստական էր որակել:











