Նիդեռլանդներում կոչ է արվել թուրք պաշտոնյաներին «անցանկալի մարդ» հայտարարել մինչև Թուրքիայում հանրաքվեի ավարտը

10:45 • 06.03.17

Նիդեռլանդներում «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը կոչ է արել երկրի իշխանություններին խստորեն արգելել ցանկացած թուրք պաշտոնյայի մուտքը երկիր` Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեին ընդառաջ իրականացվող նախընտրական քարոզչության շրջանակում տեղի թուրքական համայնքի հետ հանդիպումների համար: 

Ինչպես հայտնում է թուրքական haberler.com կայքը` Վիլդերսը հայտարարել է, որ եթե նա վարչապետ լիներ, ապա թուրք նախարարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մինչև ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն «անցանկալի մարդ» կհայտարարեր Նիդեռլանդների տարածքում:

Hollandalı Liderden Küstah Sözler: Türk Bakanlar 'İstenmeyen Kişi' İlan Edilsin

Իր հերթին, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն նախօրեին հայտնել է, որ նախընտրական քարոզչության շրջանակում Թուրքիայի հետ համագործակցության ցանկություն չունեն: 

«Նիդեռլանդներն այն վայրը չէ, որտեղ մեկ այլ երկրի ներկայացուցիչներ կարող են նախընտրական քարոզչություն իրականացնել», - նշել է Ռյուտեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում տեղի իշխանությունների կողմից չէր թույլատրվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ տեղի թուրքական համայնքի հետ սպասվելիք հանդիպում-հանրահավաքը: