Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ կմեկնի Գերմանիա՝ չնայած խոչընդոտներին

09:34 • 07.03.17

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ չնայած ստեղծված խոչընդոտներին՝ մեկնելու է Գերմանիա և հանդիպում է ունենալու տեղի թուրք համայնքի հետ, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

«Պատմության մեջ չտեսնված ճնշում է գործադրվում մեր վրա: Գործարարների, հյուրանոցների տերերի, հարսանեկան սրահների տերերի վրա ճնշում են գործադրում, ստիպում են խզել մեզ հետ եղած պայմանավորվածությունները: Ես կգնամ, ոչ ոք ինձ չի կարող կանգնեցնել, մենք ելույթ ունենալու տեղ կգտնենք»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են նախորդ շաբաթ Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։

Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթն ու հանդիպումը թուրքական համայնքի հետ, ինչը կոշտ քննադատության է արժանացել Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Գերմանիայում Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ: