Հս. Կորեան ցուցադրել է՝ ինչպես է պատրաստվում հրթիռակոծել ԱՄՆ-ն (տեսանյութ)

09:00 • 19.04.17

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ցուցադրել են տեսաֆիլմ Փհենյանի կողմից Միացյալ Նահանգները «հրթիռակոծելու» վերաբերյալ:

Ինչպես նշում է ria.ru-ն, տեսաֆիլմը ցուցադրվել է երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի հանգուցյալ պապի՝ Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 105-ամյակի առթիվ:

Դրանում ցուցադրված է հյուսիսկորեական նոր բալիստիկ հրթիռն ու դրա արձակումը: Հրթիռն անցնում է օվկիանոսն ու հարվածում ԱՄՆ քաղաքներից մեկին: Այնուհետև կադրում երևում է գերեզմանոցի ֆոնին այրվող ԱՄՆ դրոշը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Միացյալ ազգերի կազմակերպությունում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ին Ռյոնն ԱՄՆ-ին մեղադրել է Կորեական թերակղզում լարված իրավիճակ ստեղծելու համար՝ նախազգուշացնելով, որ ցանկացած պահի կարող է ջերմամիջուկային պատերազմ սկսվել:

Պաշտոնյան նկատել է, որ Միացյալ Նահանգների ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններն ագրեսիվ բնույթ են կրում և որ Փհենյանը պատրաստ է արձագանքել «ԱՄՆ-ի այդքան տենչած պատերազմին»:

Կիմ Ին Ռյոնի նախազգուշացմանը նախորդել էր ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հայտարարությունն առ այն, որ դաշնակից Ճապոնիայի և Հարավային Կորեայի անվտանգությունն ապահովելու համար Վաշինգտոնը պատրաստ է  ամեն ինչի՝ չբացառելով կանխարգելիչ հարված հասցնելու հավանականությունը: Փենսը նաև նշել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Հյուսիսային Կորեան սառեցնի միջուկային ծրագրի զարգացումը: