Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Բեկչյանը հանդիպել է հայ համայնքին պատկանող հիմնադրամների նախագահների հետ

15:42 • 20.04.17

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը և պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը նախօրեին հանդիպում են ունեցել հայ համայնքին պատկանող հիմնադրամների նախագահների հետ, փոխանցում է «Ակօսը»:

Բարձրաստիճան երկու հոգևորականները համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են Պոլսո պատրիարքի ընտրության շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը և Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեից հետո իրենց անելիքները:

Ժողովից հետո հիմնադրամների նախագահների հրապարակած ընդհանուր հայտարարության մեջ նշվում է, որ առկա խնդիրների անհապաղ լուծման անհրաժեշտության և Ստամբուլի հայ համայնքի`օրինական պատրիարք ընտրելու արդար պահանջի բավարարման հարցում կողմերը համակարծիք են և պատրաստ միասին առաջնորդելու եկեղեցական կարգին համապատասխան օրինական գործընթացը:

Մեկնաբանելով տեղի ունեցած հանդիպումը` արքեպիսկոպոս Բեկչյանն այն գնահատել է «բավականին դրական»:

«Մենք մտքերի ու կարծիքների փոխանակում արեցինք: Ես նրանց հիշեցրի, որ պատրիարքի ընտրության գործընթացը սկսելու հարցում իրենք պետք է առավել ակտիվ ու կառուցողական դիրքից հանդես գան», - ասել է Բեկչյանը:

Հիշեցնենք, որ փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն է ուղարկել, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին է ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:

Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված է ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին կայացնել նոր ընտրությունների անցկացման որոշում՝ ցանկանալով իրենց առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի: