Ստամբուլի Սբ Գևորգ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվում

12:10 • 24.04.17

Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցում այսօր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվում։ Այդ մասին Tert.am-ին հայտնեց Պոլսո Հայոց պատրիարքարանի մամուլի ծառայության աշխատակիցներից Անուշ Քարմեն Սարը:

Սուրբ Գևորգ եկեղեցում բավականին բազմամարդ է, պատարագը մատուցում է Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը:

Հայտնի է, որ Սահակ Մաշալյանը հոգեհանգստի կարգ կանցկացնի նաև երեկոյան, Ստամբուլի մեկ այլ` Սուրբ Վարդանանց եկեղեցում:

Ստամբուլում այսօր` Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին, տեղի հայ համայնքը միջոցառումների ակտիվ շարք է անցկացնում՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Սուլթան Ահմեթ հրապարակում հայ համայնքը մոմավառությամբ ու նստացույցով հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Հիշատակի երթ կանցկացվի նաև Թաքսիմի Բեյօղլու պողոտայում, որը կմեկնարկի Թուրքիայի ժամանակով ժամը 19:15-ին:

Նախատեսվում է նաև, որ հիշատակի երեկոները կշարունակվեն նաև Ստամբուլում գործող մի շարք հայկական հիմնադրամների, միությունների ու կազմակերպությունների կողմից: