Բացի Արդարադատության նախարարից մնացած բոլոր նախարարները կշարունակեն իրենց պաշտոնավարումը. Էդուարդ Շարմազանով

22:00 • 25.05.17

Հանրապետական կուսակցության այսօր ԳՄ նիստ էր անում, որտեղ էլ որոշվել է նոր կառավարության կազմը: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԳՄ նիստում որոշում է կայացվել Կառավարության կազմում էական փոփոխություններ չանել:

«Այս փուլում, ընդհանուր առմամբ, դրական ենք գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի կաբինետի աշխատանքները: Կլինի մեկ փոփոխություն. դուք գիտեք, որ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ԱԺ-ում ունի քաղաքական մեծամասնության աջակցությունը, և այդ պաշտոնը կվերացվի և կդառնա Կառավարության աշխատակազմի ղեկավար: Նախարարների 19 թիվը կդառնա 18, կհամապատասխանեցվի նոր Սահմանադրությանը»,- ասաց նա:

Շարմազանովը տեղեկացրեց, որ նախարարներից  փոփոխության կենթարկվի միայն Արդարադատության նախարարի պաշտոնը, քանի որ նախկին նախարարը՝ Արփինե Հովհաննիսյանն այժմ ՀՀ ԱԺ փոխնախագահներից է, իսկ Արդարադատության նախարարն է նախկինում էլ այս պաշտոնը զբաղեցրած Դավիթ Հարությունյան:

«Մնացած նախարարները, այդ թվում Դաշնակցության մեր գործընկերները, կշարունակեն իրենց աշխատանքը Կառավարությունում: Քննարկվել են նաև ԱԺ-ի ապագա աշխատանքները, հանձնաժողովների կազմերը, պատվիրակությունների կազմերը»,- շարունակեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև ԱԺ 6-րդ գումարման առաջին նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին և շեշտեց, որ հանրապետության ղեկավարը հանդես եկավ հայեցակարգային ելույթով, որտեղ ներկայացվեց ռազմավարական ծրագրերն, ինչն ըստ Շարմազանովի, միջազգային զարգացած պետությունների պրակտիկա է:

 

 

ՀեղինակԱնի Օհանյան