Վանաձորում վերելակի հորանն ընկած երեխայի վիճակը միջին ծանրության է. նա նախապատրաստվում է վիրահատության

11:58 • 05.06.17

Վանաձորում վերելակի հորանն ընկած 14-ամյա Լուսինե Զաքարյանի վիճակն այժմ միջին ծանրության է: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: 

«Վիճակը կայուն է, նախապատրաստվում է վիրահատության: Երկու ազդրի հիմնական վիրահատությունները նոր պետք է արվեն»,- հայտնեց Դալլաքյանը: 

Հարցին, թե երկա՞ր ժամանակ կպահանջվի երեխայի վերականգնման համար, բժշկական կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Վիրահատությունը ցույց կտա, դրանից հետո նոր արդեն վերականգնման մասին կխոսենք»: 

Հիշեցնենք, որ մայիսի 30-ին երեխան ընկել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը: Նրա մոտ կոնքի երկու ոսկրի և երկու ազդրի կոտրվածք է եղել: