«Պարող միլիոնատեր» Ջանլուկա Վակիի գույքը պարտքերի պատճառով կալանքի տակ է առնվել
Իտալական դատարանը կալանքի տակ է առել Instagram-ում որպես «պարող միլիոնատեր» հայտնի դարձած, 12 միլիոն հետևորդ ունեցող 50-ամյա Ջանլուկա Վակիի գույքը: Այդ մասին հայտնում է Corriere della Sera-ն:
Մասնավորապես, կալանքի տակ են հայտնվել «պարող միլիոնատիրոջը» պատկանող շքեղ առանձնատները, զբոսանավերը և տարբեր ընկերությունների բաժնետոմսերը: Դրա պատճառ է դարձել 10,5 միլիոն եվրոյի չափով Վակիի վարկը, որը նա ինչ-ինչ պատճառով դադարել է վճարել:
Il Fatto Quotidiano թերթը նշում է, որ միլիոնատիրոջ ակտիվների կալանքը կարող է դոմինոյի էֆեկտ հրահրել: Նրա ներդրումային հոլդինգի պարտքերի ընդհանուր ծավալը կազմում է մոտ 30 միլիոն եվրո:
Սոցիալական ցանցերի իտալացի օգտատերերը գործարարի խնդիրներին հեգնանքով են վերաբերել: Նրանք, մասնավորապես, Վակիին ցածր վարձատրվող գործեր են առաջարկում, որպեսզի նա կարողանա վճարել իր պարտքերը:










