Բերել են ինչ-որ բան են կերել, ջուր են խմել, գցել են ու գնացել, լավ ինչքա՞ն կարելի է. Դավիթ Լոքյանը դժգոհ է Սևանի մաքրությունից
Կառավարության նախաձեռնությունը՝ հին աղբավայրերը նորերով փոխարինելու մասին, չի հանգեցնի աղբահանության գնի բարձրացմանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նախարարը շեշտեց, որ գինը չի թանկանալու, բայց խստացվելու է վճարման մեխանիզմը:
«Շատ տեղերում 200 դրամից ավել է: Հայաստանում տարածքներ կան, որտեղ 250 դրամ է, 300 դրամ է, Մեղրիում, օրինակ, 400 դրամ է, իսկ Երևանում՝ 200 դրամ: Գինը չի թանկանալու, բայց բոլորը պետք է վճարեն, իրավաբանական անձինք պետք է վճարեն:
Եթե տարածքներ կան, որտեղ 50 դրամ է, բայց նորմալ աղբահանություն չեն իրականացնում, մարդկանց պետք է բացատրեն, որ 50 դրամը կարող է դառնալ 100, բայց կլինի նորմալ աղբահանություն, մարդիկ նորմալ միջավայրում կապրեն»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Նախարարը նշեց, որ ներկայումս Սևանում է և դժգոհ է պատկերից: Լոքյանն ասաց, որ ամենուր աղբի տոպրակներ են, պլաստմասե շշեր. «Բերել են, ինչ-որ բան են կերել, ջուր են խմել, գցել են ու գնացել: Ինչքա՞ն կարելի է լավ: Նման բաների մասին է պետք խոսել: Սևանում հիմա պետք է տեսնեք՝ ինչքան մարդ կա, այդքան էլ տոպրակ կա: Աղբի մեքենաները կանգնած են, աշխատում են, բայց մարդիկ տոպրակները գետնին են գցում: Դրա համար մարդուն մեկ-երկու անգամ տուգանել է պետք, որ իմանան, որ չի կարելի»:
Դավիթ Լոքյանի խոսքով՝ սեպտեմբերի 5-ին օրենքը կներկայացվի Ազգային ժողով, որով կսահմանվեն մի շարք կանոններ, ինչպիսին, օրինակ, այն է, որ եթե աղբամանը 70 տոկոսով լցվում է, այն պետք է թափել, սահմանում է, թե քանի անգամ պետք է մաքրել, ինչ վիճակում պետք է լինի շրջակայքը: Բայց, ըստ նախարարի, փոփոխությունները չեն ազդի, քանի դեռ բնակչությունը չհասկանա, որ դրսում էլ իր տան պես մաքուր պետք է պահի:
Նախարարն ասաց, որ պատահական այցելելու է հանրապետության բոլոր մարզերն ու գնահատելու է աղբահանության ու մաքրության վիճակը տվյալ տարածքներում:










