«Այն մարդիկ են, ովքեր չեն ուզում բանան ներկրենք, գիշերը ջարդել են պահեստի կողպեքն ու բանանի սառնարանի վրա կիսլատա լցրել». Վահրամ Միրաքյան
200 քառակուսի մետր տարածքում պահվող բանանի սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել. նրանց հաստատ դուր չի գալիս, որ մենք բանան ենք ներկրում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գործարար Վահրամ Միրաքյանը՝ պատմելով այսօր գիշերը տեղի ունեցած միջադեպի մասին:
Թե ով է կանգնած այս ամենի հետևում՝ Վահրամ Միրաքյանն ասաց, որ «հիմիկվանից ճիշտ չէ ասել, թե ով է կանգնած, բայց հստակ է, որ դրանք այն մարդիկ են, ովքեր չեն ուզում այս գործով զբաղվենք՝ բանան ներկրենք»:
Միրաքյանն ասաց, որ հեղինակները լավ իմացել են՝ ինչ են անում, կիսլատան լցրել են սառնարանի ամենակարևոր տեղերում, որպեսզի այն դադարի գործել։
«200 քառակուսի մետր տարածքում սառնարաններ են, բոլորի վրա լցրել են: Իրենք իմացել են՝ ինչի վրա լցնեն, որ սառնարանը դադարի աշխատել, իսկ եթե բանանը մնում է առանց սառնարանի, ապա փչանում է»,- ասաց գործարարը:
Նա հայտնեց, որ անհայտ անձինք գիշերը կոտրել են պահեստի կողպեքը, ներս մտել: Միրաքյանի խոսքով՝ տարածքը չի տեսահսկվում: Նա դիմել է ոստիկանություն:












