Ձեռնպահ մնալ վարույթների հարուցումից և պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից. միջազգային 40 ՀԿ-ների կոչը ՀՀ Փաստաբանների պալատին
Երեկ՝ 09/08/2017թ.-ին, մոտ 40 հասարակական կազմակերպություններ շուրջ 20 պետություններից (Նորվեգիա, Գերմանիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Ալբանիա, Ուկրաինա, Ավստրիա, Բելառուս, ՄԹ, Լեհաստան, Լիտվա, Ադրբեջան, Ղազախստան, Մոլդովա, Հայաստան և այլն), հաշվի առնելով փաստաբանների նկատմամբ Հայաստանում իշխանությունների կողմից իրականացվող հարձակումները, որոնք արդեն անցել են հետապնդումներ համարվելու սահմանը, իրենց մտահոգությունն են արտահայտել այս մասնագիտության անկախության նկատմամբ իրականացվող հետևողական անընդունելի քաղաքականության վերաբերյալ:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել փաստաբան Վահե Գրիգորյանը՝ թարգմանելով iphronline.org կայքում տեղադրված հրապարակումը:
«Սույն հայտարարության մեջ այս կազմակերպությունները, որոնք Քաղաքացիական Համերաշխության Պլատֆորմի (ՀԿ-ների ցանց է, որի անդամ են Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում գործող ՀԿ-ներ) անդամ կազմակերպություններ են, հատկապես շեշտադրել են փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի,Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի դեմ հարուցված վարույթները և նրանց մասնագիտական աշխատանքին խոչընդոտելու իշխանությունների հետևողական գործելաոճը: Միաժամանակ, հատկապես մտահոգություն են արտահայտել փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Ինեսսա Պետրոսյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ ոստիկանության կողմից ուժի գործադրման կապակցությամբ:
Նրանց մտահոգության համար հատուկ առիթ է հատկապես Հայաստանի փաստաբանների պալատի և դրա մարմինների կողմից փաստաբանների նկատմամբ հարուցվող վարույթներում դրսևորվող կողմնակալությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով ՓՊ նախագահի և ՓՊ խորհրդի որոշ անդամների կողմից անթաքույց կերպով կողմնապահ հայտարարությունների իրականացումն՝ ի վնաս փաստաբանների, վերջիններիս կողմից իրավաչափորեն իրենց գործունեությունն իրականացնելու պահանջների և գործելաոճի»:
Այս կազմակերպությունները կոչ են արել իշխանություններին հավատարիմ մնալ ՄԱԿ-ի «Փաստաբանների դերի/կարգավիճակի վերաբերյալ հիմնարար սկզբունքներին» (1990թ., Հավանա) և՝
- ապահովել, որպեսզի փաստաբանները հանրային հնչեղության գործերով, մասնավորապես՝ Սասնա Ծռեր խմբի անդամների դատավարության ընթացքում զերծ մնան իրենց մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում հետապնդումներից և խոչընդոտներից,
- ապահովել փաստաբանների և նշված գործերով իրենց պաշտպանյալների հետ խորհրդապահության պայմաններում հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց (փաստաբաններին) ձերբազատել իրենց պաշտպանյալների անունից դատական նիստերին ներկա գտնվելու ապօրինի և կամայական պահանջներին ենթարկվելու պարտադրանքից,
- ապահովել, որպեսզի կարգապահական և այլ պատասխանատվության ընթացակարգերը փաստաբանների դեմ չհարուցվեն վերջիններիս առաջադրված և նրանց կողմից կամայական և չարդարացված պահանջներն և սահմանափակումները խախտելու, փաստաբանների արտահայտվելու ազատության իրականացման կամ փաստաբանների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների և էթիկայի պահանջներին համապատասխան գործունեության համար,
- ապահովել 28/06/2017թ.-ին փաստաբանների և նրանց պաշտպանյալների նկատմամբ իրականացված բռնությունների վերաբերյալ մանրամասն և անկողմնակալ քննություն,
- ապահովել արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան ընթացակարգեր 2016թ.-ի հուլիսի դեպքերի կապակցությամբ ամբաստանվող, ինչպես և այլ քրեական գործերով:
Հայաստանի փաստաբանների պալատին հատկապես շեշտադրված կերպով կոչ է արվել՝
- ձեռնպահ մնալ կարգապահական վարույթների հարուցումից և կարգապահական պատասխանատվության որևէ միջոցի կիրառումից փաստաբանների նկատմամբ: Նման վարույթները և միջոցները կարող են արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է «Փաստաբանության մասին» օրենքի և փաստաբանի վարքագծի կանոնների ակնհայտ խախտումներն:
«Թարգմանությունն արագ եմ արել, որոշ հատվածներ բառացի չեն, բայց իմաստային շեղումներ թույլ չեմ տվել:
Ես կարծում եմ, որ սա այս պատմության, հատկապես դրա՝ փաստաբանությանը վերաբերող և այս հարցում իրենց փալասի նման դրսևորած ՓՊ որոշ ղեկավարների վերաբերյալ երկար խոսակցության դեռ սկիզբն է»,-գրել է Վահե Գրիգորյանը:










