Թուրքիայում հերոսացած օդաչու Ալեքսանդր Ակոպովը կիսվել է ճակատագրական վայրէջքի մասին իր տպավորություններով
Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլից Հյուսիսային Կիպրոս մեկնելու ճանապարհին հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ էր հայտնվել, ինչպես հայտնի է՝ օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում:
Թուրքիայում և Ուկրաինայում հերոսացած օդաչուն կիսվել է լրատվամիջոցների հետ իր տպավորություններով ու խոստովանել, որ որևէ արտառոց բան չի զգացել այդ պահին և ընդամենը կատարել է իր աշխատանքային պարտքը:
Ինչպես փոխանցում է RT-ն, Ակոպովն, այնուամենայնիվ, նշել է, որ ստեղծված իրավիճակն իրեն տհաճություն է պատճառել:
«Սկզբնական շրջանում ես գրեթե ոչինչ չէի զգում, կար որոշակի հետվայրէջքային հուզմունք: Իհարկե, կատարվածն ինձ տհաճ էր, բայց որևէ գերբնական բան չզգացի: Շարունակում էի կատարել իմ աշխատանքը: Վայրէջքից ու ուղևորների դուրս գալուց հետո զննեցի օդանավն ու գրանցեցի, թե որ հատվածներն են վնասված: Դրանից հետո աշխատակազմի հետ միասին մենք գնացինք մնացած պարտադիր գործողություններն իրականացնելու», - պատմել է Ակոպովը:
Այս միջադեպից հետո, ըստ նրա, նա դարձել է հայտնի, իրեն սկսել են երախտագիտության խոսքեր գրել սոցցանցերում։ Ակոպովը պատմել է նաև, որ հայտնվել են իր հին ընկերները, որոնց մասին նա չէր լսել մոտ 30 տարի։
Որոշ լրատվամիջոցներ նշում են օդաչուի հայ լինելու մասին։ Նաև նշվում է, որ նա Դոնեցկի նախկին բնակիչ է։ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց և Դոնեցկի օդանավակայանի ավերվելուց հետո նա մեկնել է արտերկիր՝ աշխատելու։










