Թալիշում լայնածավալ շինարարություն է սկսվել. կառուցվող առանձնատներին կից կկառուցվեն նաև ապաստարաններ

20:32 • 10.08.17

 

Նպատակ կա Թալիշում իսպառ վերացնել պատերազմի հետքը: Այս ուղղությամբ աշխատանքները վաղուց են սկսվել. տեղեկացնում է Արցախի հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

Հանրապետության ամենախոշոր շինհրապարակում  շինարարության ակտիվ անցուդարձ է: Միանգամից 8 կապալառու կազմակերպություններ աշխատում են ապրիլյան առճակատման հետևանքով ավերված Թալիշը վերականգնելու ուղղությամբ: Հանդիսությունների տան և համայնքային կենտրոնի շինարարությանը զուգահեռ կատարվել է նախադպրոցական հաստատության  հիմքի կառուցումը:

17 առանձնատներում արդեն  իրականացվում է վերանորոգում-վերակառուցում, ևս 17-ում`այս ուղղությամբ շուտով աշխատանքներ կսկսվեն: Բոլոր առանձնատներին կից կառուցվում են ապաստարաններ: 

Շինարարությանը զուգահեռ կատարվում են նաև քանդման, տարածքի հարթեցման և բարեկարգման աշխատանքներ: Սահմանամերձ Թալիշը  շուտով նոր տեսք ու շուք կստանա:

Շինհրապարակում քաղաքաշինության նախարարը ծանոթացել է կատարվող աշխատանքների ընթացքին, իսկ այսօր խորհրդակցության հրավիրել պատասխանատուներին, տվել համապատասխան հանձնարարականներ`որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքների ժամկետներին և որակին: