Մարզպետի սպանված խորհրդականի կինն ասում է՝ ՔԿՀ-ում իրեն ավելի անվտանգ է զգում, քան տանը.իրավապաշտպան (տեսանյութ)

21:04 • 10.08.17

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը, ով կալանավորված է: Քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցել է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ նա բազմաթիվ հիվանդություններ ունի, որոնք ձեռք է բերել 24 տարվա ընթացքում:

«Քրեակատարողական հիմնարկում տեսակցելով նրան և նրա առողջական վիճակի մասին նախնական տեղեկություն ունենալով, որ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, կարող եմ ասել՝ երրորդ կարգի հաշմանդամություն ունի և իր վկայությամբ,  դա կատարվել է 24 տարվա ընթացքում ընտանիքում բազմաթիվ անգամ բռնության ենթարկվելու հետևանքով»,-ասաց Հովհաննիսյանը:

ՔԿՀ-ում պայմանների վերաբերյալ հարցին ի պատասխան Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ ՔԿՀ-ն ամեն ինչ անում է նրա առողջական վիճակին հետևելու, նրան բոլոր տիպի համալիր քննություններին ուղղորդելու ուղղությամբ.«Այս պահին իր առողջական վիճակը բավական խոցելի է,  մասնավորապես հոգեկան առողջության և հոգեբանական վիճակի հետ կապված խնդիրներ կան»:

Հարցին, թե ՔԿՀ-ն համալրվա՞ծ է համապատասխան մասնագետներով՝ նրա հետ մասնագիտական աշխատանք տանելու համար, Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ ՔԿՀ-ն ունի հոգեբույժ, որը հսկում է  նրան:

«Ռուզաննա Սիմոնյանն ասում է, որ քրեակատարողական հիմնարկում իրեն ավելի ապահով է զգում, քան երբևէ իրեն ապահով է զգացել տանը: Տանը միշտ իրեն անապահով է զգացել, միշտ վախի զգացումը եղել է տանը, միշտ վերահսկողական վարք է եղել նրա նկատմամբ»,-ասաց իրավապաշտպանը:

Հարցին, թե համատեղելի՞ են նրա առողջական վիճակն ու ընտրված խափանման միջոց կալանավորումը, Զարուհի Հովհաննիսյանն ասաց, որ նա երրորդ կարգի հաշմանդամություն ունի և այն հիվանդությունների կարգը, որ նա ունի համատեղելի են կալանքի տակ մնալու հետ:
Հարցին, թե ինչպես Ռուզաննա Մկրտչյանն է ասել՝  24 տարի բռնության է ենթարկվել,այդ ընթացքում  երբևէ դիմե՞լ է պատկան կառույցների, իսկ եթե ոչ՝ ինչո՞ւ, Զարուհի Հովհաննիսյանն ասաց.« Ինքն ինձ ասել է, որ փորձ է արել խզելու հարաբերությունները , բայց չի ստացվել»:


Մանրամասները՝ տեսանյութում: