Անկախ կատարվածից՝ Վահրամ Միրաքյանը շարունակելու է բանանի ներկրմամբ զբաղվել

10:38 • 11.08.17

Հայաստան բանան ներկրող Վահրամ Միրաքյանին երեկ Քննչական կոմիտեի հետ այցելած փորձագիտական խմբի անդամները ասել են, որ թեպետ փորձաքննության պատասխանները հայտնի չեն՝ իր սառնարանային կոմպրեսատորների վրա լցրած հեղուկը «100 տոկոսով ծծմբաթթու» է:

Այս մասին Tert.am –ին հայտնեց Վահրամ Միրաքյանը՝ նշելով, որ վնասված սառնարաններում պահվող բանանը չի փչացել, այն տեղափոխել է այլ սառնարաններ:

«Եթե փչանար, 20 տոննա բանան էր լինելու»,- մանրամասնեց գործարարը:

Նշենք, որ Միրաքյան կատարվածին, ինչպես նաև քննիչների այցին անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում: Գրառման մեջ նա, մասնավորապես, նշել է. 

«Փորձեմ ամփոփել երեկվա օրը։ Ոստիկանության փորձագիտական բաժնից եկան, հետազոտեցին, նմուշներ վերցրեցին, իրենց նախնական եզրակացությամբ էլ ծծմբաթթու էին լցրել կոմպրեսորներին։

Հետո սոդայով ու սոդայաջրով լվացինք մի քանի ժամ, կարծես, մաքրվեց, մենակ շարժիչների ներսում դեռ անհասկամալի է, թե ինչ է կատարվում։ Մեծ վնասներ չենք կրել որակյալ կոմպրեսորների շնորհիվ։

Ոստիկանությունը տարբեր մակարդակներում մեծ պատրաստակամություն է դրսևորում հանցագործին գտնելու համար, հուսով եմ արդյունք կունենան։ Ինչպես ինձ, այնպես էլ թեմային հետևող հազարավոր մարդկանց համար հանցագործին չգտնելու դեպքում էլի ամրանալու է էն դիրքորոշումը, որ Հայաստանում դժվար է բիզնես անել, առանց կրիմինալ հարցերում հայտնվելու։

Բացի էդ, եթե չբացահայտվեց, մեսսիջ կհանդիսանա, կրկնօրինակման թեմա կտա այլ նմանատիպ շրջանակների համար, որ բիզնեսում շատ հարցեր կարելի է լուծել մրցակցի սրահը վառելով, մեքենան պայթեցնելով և այլն։ Ու գուցե թեման շարունակություն ստանա, ինչպես մեր, այնպես էլ այլ մարդկանց հետ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն առաջարկեցին զանգելով, գրելով կամ հանդիպելով, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնեցին։

Օգնելու առաջարկ անողներին ասեմ, բնականաբար, շարունակելու ենք բանանի ներկրմամբ զբաղվել, ու խնդիր ունենք ծավալները մեծացնել, հիմա մեզ լավագույն օգնելու տարբերակը կլինի առաջարկել մարդկանց կամ տարբերակներ, մեծածախ իրացումը մեծացնելու, վաճառելու համար։ Կարող եք համարն ինձ գրել տարբերակների մասով, մենք կկապվենք»։


Հիշեցնենք, որ երեկ Վահրամ Միրաքյանը տեղեկացրել էր, որ «իր՝ 200 քառակուսի մետր տարածքում պահվող բանանի սառնարանների կոմպրեսորների վրա կիսլատա են լցրել»:

Նա նշել էր. «Ինչ-որ մեկին հաստատ դուր չի գալիս, որ մենք ևս բանան ենք ներկրում»։

Tert.am-ի հարցին՝ այցելած քննիչներին փոխանցե՞լ ում է կասկածում, Վահրամ Միրաքյանը պատասխանեց. «Ինձ հարցրել են՝ ով կարող էր, ես պատասխանել եմ զուտ տրամաբանության շրջանակներում: Այն, որ փորձել են խոչընդոտել իմ գործունեությունը, այսինքն՝ բանանի ներկրումը»:

Գործարարը պատմեց նաև, որ քննիչների այցից հետո սոդայաջրով մաքրել են սառնարանները, սակայն սոդայաջրով մաքրելուց հետո անգամ լցված հեղուկը շարունակել է քայքայել նիկելապատ մետաղը: