Ավստրալիայի վարչապետը խոստացել է աջակցել ԱՄՆ-ին ԿԺԴՀ-ի հարձակման դեպքում

10:40 • 11.08.17

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վրա ԿԺԴՀ-ի հարձակման դեպքում Կանբերրան կօգնի Վաշինգտոնին հակահարված տալ Հյուսիսային Կորեային, գրում է 3aw.com.au-ն:


«ԱՄՆ-ի վրա Հյուսիսային Կորեայի հարձակման դեպքում Ավստրալիան կօգնի ԱՄՆ-ին ճիշտ այնպես, ինչպես նրանք կօգնեին Ավստրալիայի վրա հարձակման դեպքում»,- ասել է վարչապետը:


Նրա խոսքով՝ Ավստրալիան Վաշինգտոնի ամենահուսալի գործընկերն է:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը տարածել է Հս. Կորեայի ազգային բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, համաձայն որի՝ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:


Հարվածները կարող են հասցվել՝ այդ թվում նաև ԱՄՆ ռազմական օդուժի «Անդերսոն» բազային, որտեղ գտնվում են «Հյուսիսային Կորեայի նյարդերի վրա ազդող» ռազմավարական ռմբակոծիչները:


Հայտարարության համաձայն՝ ուսումնասիրվող ծրագիրը շուտով կներկայացվի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, իսկ հետո այն կարող է ցանկացած պահի «պրակտիկորեն կիրառվել, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չենը Ընը որոշում կայացնի»: