ՌԴ ՀՕՊ համակարգերը մարտական բարձր պատրաստության վիճակում են գտնվում՝ ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակի պատճառով

11:47 • 11.08.17

Հեռավոր Արևելքում ՌԴ ՀՕՊ համակարգերը մարտական բարձր պատրաստության վիճակում են գտնվում՝ ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակի առնչությամբ, լրացուցիչ քայլեր են իրականացվում Հեռավորարևելյան շրջանի անվտանգության ապահովման համար: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է սենատոր Վիկտոր Օզերովը:


«Հյուսիսային Կորեայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ մոտ չառաջացնել անհանգստություն և լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության գիտակցում՝ մեր տարածքի անվտանգությունն ապահովելու համար: Հեռավորարևելյան շրջանում ուժեղացված են ՀՕՊ և ռազմատիեզերական ուժերը»,- ասել է նա:


«Մենք հետևում ենք Հյուսիսային Կորեայի շուրջ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, (Հյուսիսային Կորեայի հրթիռների) հնարավոր արձակումների գոտիները գտնվում են ուժեղացված հսկողության տակ»,- ասել է սենատորը:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը տարածել է Հս. Կորեայի ազգային բանակի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, համաձայն որի՝ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:


Հարվածները կարող են հասցվել՝ այդ թվում նաև ԱՄՆ ռազմական օդուժի «Անդերսոն» բազային, որտեղ գտնվում են «Հյուսիսային Կորեայի նյարդերի վրա ազդող» ռազմավարական ռմբակոծիչները:


Հայտարարության համաձայն՝ ուսումնասիրվող ծրագիրը շուտով կներկայացվի երկրի ղեկավար Կիմ Չեն Ընին, իսկ հետո այն կարող է ցանկացած պահի «պրակտիկորեն կիրառվել, եթե Հյուսիսային Կորեայի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չենը Ընը որոշում կայացնի»: