Ադրբեջանը շարունակում է հրետանի տեղակայել սահմանամերձ գյուղերում, բնակիչներից շատերը լքում են գյուղերը. քաղաքագետ
Հայաստանի և Արցախի հետ սահմանամերձ ադրբեջանական գյուղերի բնակիչները շարունակում են Ադրբեջանի իշխանությունների համար կենդանի վահան մնալ, զինվորականները թաքնվում են նրանց մեջքի հետևում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ անդրադռանալով voskanapat.info–ի կողմից հրապարակած Ադրբեջանի ՊՆ բարոյական և հոգեբանական վերապատրաստման և հասարակայնության հետ կապերի ղեկավար, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևի նամակին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին:
Նամակում գեներալը պատմում է, որ Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Ալխանլու գյուղում բնակչության և զինվորների միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում գյուղացիների հետ ռազմատեխնիկայի տեղակայման հետ կապված և անհրաժեշտ է Ալխանլու գյուղում կտրուկ նվազել քաղաքացիների և զինծառայողների շփումը: Գեներալը նամակում առաջարկել է բնակիչների հետ տանել բացատրական աշխատանքներ տանել, ինչպես նաև փոխել գյուղում տեղակայված հրետանավորների անձնակազմը: Գեներալն ընդգծում է, որ լարվածությունն առաջացել է հուլիսի 4-ին հայկական ուժերի պատասխան կրակի հետևանքով Ալխանլու գյուղում երկամյա երեխայի մահվանից հետո։
Հրանտ Մելիք –Շահնազարյանի խոսքով՝ միայն գեներալի նամակը չէ, որ փաստում հակառակորդի կողմից սահմանամերձ գյուղերը հրետանու տեղակայման վայր դարձնելու մասին, հայկական կողմը դա ապացուցել էր նաև այն ժամանակահատվածում, երբ հուլիսի 4-ին հայկական կողմի պատժիչ գործողություններից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ հայկական բանակի գործողություններից 2–ամյա երեխա է զոհվել:
«Հայկական կողմը լուսանկարներ , տեսանյութ հրապարկեց, որտեղ պարզ երևում էին Ադրբեջանի հրետանային կայանքները Ալխանլու գյուղում: Ադրբեջանը սահմանամերձ գյուղերում նման տեխնիկա տեղադրելով երկու խնդիր է փորձում լուծել ,առաջինը՝ ապահովության զգացումն էր, քանի որ հայկական կողմն այդ ուղղությամբ նախկինում պատժիչ գործողություններ չէր իրականացնում, երկրորդը՝ զուտ իրենց խաղաղ բնակչության վրա ազդելու Ալիևի ձգտումն է: Նա Ադրբեջանում ամեն ինչ արել է, որպեսզի որևէ մեկը չմտածի, թե պատերազմն ավարտվել է, և նրանք ամեն ինչ անում են, որպեսզի ռազմական գործոնը քաղաքական խնդիրներ լուծելու համար օգտագործեն, դրա համար բնակչությունը պետք է զգա պատերազմի ատրիբուտները»,–ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ երեխայի զոհվելուց հետո միջազգային հանրությունից որևէ մեկը մեզ մեղադրանք չներկայացրեց։ «Որովհետև տեսան, որ մենք պատասխանել ենք Ադրբեջանի նախահարձակ գործողություններին և երկրորդ իրենք տեսան, որ երեխայի զոհվելը, որպես քաղաքական գործոն շահարկվում է»,- շեշտեց նա:
Հրանտ Մելիք–Շահնազարյանն ընդգծեց, որ Ադրբեջանում լրատվական, հանրային շատում փորձում էին կոծկել իրողությունը, ուստի նաև ՊՆ բարոյական և հոգեբանական վերապատրաստման և հասարակայնության հետ կապերի ղեկավար, գեներալ-մայոր Ռասիմ Ալիևի նամակի վերաբերյալ հրապարակումներ, պարզաբանումներ չկան, բայց այն անհետևանք, գոնե Ադրբեջանի ՊՆ–ի մակարդակով, չի կարող մնալ: Ըստ նրա՝ սահմանամերձ գյուղերի և Ադրբեջանի զինվորականների հարաբերությունները գնալով լարվում են, գյուղացիներից շատերը լքում են գյուղերը:










