Սաակաշվիլին Ուկրաինա կմտնի միայն վիզայով. երկրի գլխավոր դատախազություն

09:37 • 11.08.17

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը Facebook-ում հայտնել է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ով զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, կարող է մտնել երկիր միայն վիզայով, գրում է korrespondent.net-ը:


«Ուկրաինա Սաակաշվիլիին հնարավոր է ներս թողնել միայն վիզա ունենալու դեպքում: Ակտիվիստների շրջապատում ցանկացած պերֆորմանսները կամ սահմանի անօրինական հատումը 100-տոկոսանոց իրավական հիմքեր են տալիս նրան վարչական պատասխանատվության ներգրավելու համար, իսկ սահմանը նման անօրինական կերպով հատելուն նպաստողներին՝ քրեական պատասխանատվության (և հետո չասեք, որ չենք զգուշացրել)»,- հայտարարել է Ենինը:


Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում: