Սաակաշվիլին ընտանիքի հետ այցելել է Հունգարիա (լուսանկար)
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ գտնվում է Հունգարիայում: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Սաակաշվիլին հայտնել է, որ ընտանիքի հետ այցելել է հունգարական Բալատոն լիճ: Նա նաև հրապարակել է լուսանկար, որն արվել է հունգարացի Անդրաշ արքայի և նրա կնոջ՝ ուկրաինացի արքայադուստր Անաստասիայի արձանի մոտ:
Մինչ Հունգարիա մեկնելը, նա այցելել էր ԱՄՆ, Լեհաստան, Լիտվա։
Նշենք, որ ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Եվգենի Ենինը Facebook-ում հայտնել է, որ Միխեիլ Սաակաշվիլին, ով զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից, կարող է մտնել երկիր միայն վիզայով:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: Նա, մասնավորապես, նշել է, որ քննության տակ չի գտնվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ որևէ այլ պետությունում, սակայն իրականում Սաակաշվիլին հեռակա կարգով կալանավորված է Վրաստանում:










