Երկար եք խոսում, ես իմ պաշտպաններից չեմ հրաժարվում. Սեֆիլյանի և Պողոսյանի կամքին հակառակ հանրային պաշտպան ներգրավվեց

12:06 • 11.08.17

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի  քրեական գործով այսօրվա դատական նիստը նախագահող  դատավոր Տաթև Գրիգորյանն  հակառակ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի կամքի նրանց պաշտպանությունն իրականացնելու համար ներգրավվեց հանրային պաշտպան Էմին Բեգլարյանին:

Ի դեպ, դատական նիստն ընթանում է 6 ամբաստանյալների բացակայությամբ, նիստին ներկա է միայն ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը: Մյուս ամբաստանյալների նկատմամբ կիրառվել է դատական սանկցիա՝ 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Դատական նիստերի դահլիճ բերվեց Ժիրայր Սեֆիլյանը, հանրային պաշտպան ներգրավելու համար նրա դիրքորոշումը պարզելու համար: «Ունեք առաջկություն, որ Ձեր պաշտպանությունն իրականացնի Էմին Բեգլարյանը»,- հարցրեց դատավորը Սեֆիլյանին:

«Որևէ անհատական խնդիր չունեմ Էմին Բեգլարյանի հետ, սակայն սա իմ իրավունքների խախտում է, այն դեպքում, երբ իմ պաշտպանները ոչ թե բացակայում են, այլ դուք ապօրինի խուզարկությունների պատճառով թույլ չեք տալիս, որ մասնակցեն նիստերին»,- ասաց Սեֆիլյանը:

Դատավորն ասաց, որ ոչ թե դատարանը թույլ չի տալիս, այլ Սեֆիլյանն է կարգադրել իր պաշտպաններ Արա Զաքարյանին ու Տիգրան Հայրապետյանին, որպեսզի իր բացակայության ժամանակ չմասնակցեն դատական նիստերին, ավելին` իրենք էլ հայտարարել են, որ ընդունել են Սեֆիլյանի ապօրինի կարգադրությունը:

«Երկար եք խոսում, ես չասացի, որ իմ պաշտպաններից հրաժարվում եմ, Դուք նախորդ անգամ ինձ ասացիք, որ ունեք պաշտպան, ես ասացի և ասում եմ, ես հրաժարվում եմ Ձեր ներկայացրած հանրային պաշտպանից»,- ասաց Սեֆիլյանը, ինչից հետո նրան կրկին հեռացրին նիստերի դահլիճից:

Նիստերի դահլիճ  բերվեց ամբաստանյալ Ներսես  Պողոսյանը, որպեսզի դատարանը պարզի նրա դիրքորոշումը հանրային պաշտպան Էմին Բեգլարյանին որպես նրա պաշտպան ներգրավելու համար: «Անօրինական ձևով հեռացրել եք իմ պաշտպաններին, այլ պաշտպան չեմ ուզում: Էսքան բան»,- ասաց Պողոսյանը:

Նշենք, որ նրա պաշտպանություն իրականացնում են փաստաբաններ Արայիկ Պապիկյանն ու Նինա Կարապետյանցը:

Չնայած Սեֆիլյանն ու Պողոսյանը հրաժարվեցին հանրային պաշտպանից, այնուամենայնիվ, դատարանն Էմին Բեգլարյանին ներգրավվեց որպես ամբաստանյալներ Սեֆիլյանի և Պողոսյանի պաշտպան:

Էմին Բեգլարյանն ասաց, որ ամբաստանյալները հրաժարվել են իր ծառայություններից, հետևաբար ինքը չի պատկերացնում, թե ինչ ձևաչափով է լինելու վերջինների պաշտպանությունը: Նա միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի առանձին տեսակցի ամբաստանյալների հետ, և եթե նրանք ներկայանան տեսակցության պարզի նրանց դիրքորոշումը նրանց առաջադրված մեղադրանքի և այլ հարցերի շուրջ:

«Ձեր դիրքորոշումն արձանագրվեց, Դուք այս պահից սկսած ձեռք եք բերել պաշտպանի դատավարական կարգավիճակ: Ձեր միջնորդությունը կքննվի ավելի ուշ»,-ասաց դատավորը: