Վաշինգտոնը կարձագանքի Գուամ կղզու դեմ ուղղված Հս. Կորեայի ցանկացած գործողության. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է իր հայտարարությունն առ այն, որ Վաշինգտոնը կարձագանքի Գուամ կղզու դեմ ուղղված Հյուսիսային Կորեայի ցանկացած գործողության, գրում է ՏԱՍՍ լրատվամիջոցը:
Ըստ Թրամփի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Միացյալ Նահանգների հանդեպ «մեծ արհամարհանքով է խոսել և սարսափելի բաներ է ասել, որոնք այդքան հեշտ չի մարսի»:
«Եթե նա համարձակվի ինչ-որ բան ձեռնարկել Գուամում, ապա Հյուսիսային Կորեայում այնպիսի բաներ կպատահեն, որպիսիք այնտեղ երբեք չեն տեսել», - վստահեցրել է ԱՄՆ նախագահը:
«Նա չի սպառնա Գուամին, չի սպառնա Միացյալ Նահանգներին, չի սպառնա Ճապոնիային և չի սպառնա Հարավային Կորեային: Եվ սա ոչ թե մարտահրավեր է, այլ փաստի արձանագրություն», - ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ ինքն ուշադրությամբ հետևում է բոլոր զարգացումներին Ասիայում, ինչպես նաև հավելել է, որ լիովին վստահում է ԱՄՆ հետախուզական գործակալությունների՝ ԿԺԴՀ մասին ստացված տեղեկատվությանը:










