Վենեսուելայի հիմնադիր ժողովը Նիկոլաս Մադուրոյին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում

14:36 • 11.08.17

Վենեսուելայի հիմնադիր ժողովը Նիկոլաս Մադուրոյին հաստատել է երկրի նախագահի պաշտոնում, հայտնում է gazeta.ru-ն:


Նշվում է, որ նոր քաղաքական ինստիտուտը որոշում է կայացրել միաձայն: Ընդ որում՝ օրենքի նախագիծը մտցվել է Հիմնադիր ժողով որոշումը կայացնելուց մի քանի ժամ առաջ:


Մադուրոն հաստատվել է որպես «Վենեսուելայի սահմանադրական նախագահ, պետության և կառավարության ղեկավար, ազգային բոլիվարական զինված ուժերի գլխավոր հրամանատար»:


Փաստաթղթում նաև նշվում է, որ պետության ղեկավարը Վենեսուելայի «ամբողջական վերափոխման այժմ ընթացող ժողովրդավարական գործընթացի երաշխավորն է»:


Հիմնադիր ժողովն արդեն հրամանագիր է ընդունել, որը թույլ է տալիս իրեն վերահսկել երկրի պետական իշխանության բոլոր մարմինները: Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանը հանդես է եկել հրամանի դեմ:


Վենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրությունները (հիմնադիր ժողով) կայացել են հուլիսի 30-ին: Այն ուղեկցվել է բախումներով, որոնց ընթացքում ավելի քան տասը մարդ է զոհվել:


Ավելի վաղ Վենեսուելայի ՆԳՆ-ն մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքով արգելել էր ցույցերի և հանրահավաքների անցկացումը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:


Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ էր հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում էին հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով ավելի քան 110 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել: